Մի քանի շաբաթ առաջ հանրապետության նախագահը հանդիպեց ՀՀ բանկերի ղեկավարների հետ` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Նման հանդիպումը նորություն չէ, սակայն, ըստ որոշ խոսակցությունների, այն այս անգամ առանձնահատուկ էր։ Այդ առանձնահատկության և, ընդհանուր առմամբ, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի մասին զրուցեցինք «Անելիքբանկ» ՓԲԸ վարչության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։
-Անկեղծ ասած, ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկված բոլոր հարցերն էլ շատ կարևոր էին,- ասաց պարոն Ճզմաչյանը։- Իսկ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ մեզ հետ զրույցում նախագահը հարցերի շուրջ խորհրդակցում և միևնույն ժամանակ խորհուրդ էր տալիս։ Հետաքրքրականն այն է, որ տրվող խորհուրդները երկկողմանի էին։ Սա շատ կարևոր և արդյունավետ մոտեցում էր, քանի որ ՀՀ նախագահը զրույցը չվարեց միայն մեզ խորհուրդներ տալու ընթացակարգով։ Պետք է ընդգծեմ, որ, ի զարմանս բոլորի, նախագահը շատ պատրաստված էր և տեղեկացված դաշտում տիրող իրավիճակին ու խնդիրներին։ Ինչո՞ւ ի զարմանս, որովհետև նա, լինելով խիստ զբաղված, հնարավոր է, տեղյակ չլիներ ոլորտի սպեցիֆիկ հարցերին կամ ավելի քիչ տեղեկացված լիներ։ Մինչդեռ ամբողջությամբ տիրապետում էր և՛ ընթացող դրամավարկային քաղաքականությանը, և՛ բանկային համակարգի ներքին ու արտաքին փոքրումեծ խնդիրներին։
-Հանդիպումից անցել է մոտ երեք շաբաթ։ Բարձրացված խնդիրների վերաբերյալ դրական տեղաշարժ նկատո՞ւմ եք։
-Անկասկած։ Գիտեք, որ հանդիպումը կայացավ գյուղատնտեսական աշխատանքների աշխուժացման ժամանակահատվածում։ Ցանկացած երկիր գարնանը գյուղատնտեսությանն աջակցություն է ցուցաբերում, այդ առումով Հայաստանը բացառություն չէ, և նշված հանդիպումից հետո ոլորտի աջակցմանն ուղղված հստակ քայլեր իրականացվեցին։ Մասնավորապես, որոշակի վարկային միջոցներ են տրամադրվում գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Այդ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պետությունը վարկային տոկոսադրույքի բեռը 4 տոկոսով իր վրա է վերցնում։ Քանի որ «Անելիքբանկը» քաղաքային բանկ է, այդ պատճառով մասնակցություն չունենք այդ ծրագրին։ Սակայն «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկը», «Հայէկոնոմբանկը» և «Կոնվերսբանկը» մասնակցում են այդ ծրագրին։ Ըստ մեր ունեցած տեղեկության` նշված վարկային ծրագիրն շատ ինտենսիվ գործում է։
-Նախագահը խոսեց նաև հիպոթեքային ծրագրի մասին։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ժամանակը չէ՞ վերանայելու հիպոթեքային վարկի տոկոսադրույքները կամ ժամկետները։
-Հիպոթեքային և, ընդհանրապես, վարկերի մասին խոսելիս «ժամանակը չէ՞ արդյոք» հարցադրումը տեղին չէ։ Բացատրեմ` ինչու։ Մենք, այսինքն` բանկերը, չենք սպասում ժամանակին. վարկային տոկոսադրույքները ցածրացնում ենք` համաձայն և համահունչ այն դրամական միջոցներին, որոնք մեզ հաջողվում է ձեռք բերել։ Ինչքան ցածր տոկոսադրույքով դրամական միջոցներ ենք ձեռք բերում, այդքան էլ իջեցվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքը։ Այսօր վարկային համակարգում աբսուրդային վիճակ է։ Ես զարմացած եմ, թե ինչպես որոշ բանկեր սկսել են մեկ-մեկ տրամադրել վարկեր 10-11% տոկոսադրույքով, այն դեպքում, երբ հայտարարում են, որ ավանդներն ընդունում են տարեկան 13 տոկոսով։ Ինքնին հարց է առաջանում` ինչպե՞ս են այդ բանկերը վարկ տրամադրում 11 տոկոսով։ Մենք կարող ենք հաճախորդներին չկորցնելու համար ընդամենը դեմպինգային տոկոսադրույքներ կիրառել` ակնկալելով, որ տվյալ հաճախորդը մեզ հետ կաշխատի այլ նախագծերում։ Եթե խոսենք կոնկրետ հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքներից, ապա հավատացնում եմ, որ այն այս պահին բավականին ցածր է։ Եթե երկու տարի առաջ տոկոսադրույքը 20-22% էր, այսօր վարկը տրամադրվում է 15 տոկոսով, ինչը նորմալ է։ Եթե նկատի ունենանք բանկային գործառնական ծախսերը, որոնք միջազգային չափանիշների համաձայն 2-3 տոկոս են, և դրանց գումարենք բանկի կոմունալ և աշխատավարձային ծախսերը, ապա դրանք կկազմեն միայն վարկի ինքնարժեքը։ Արդյունքում ստացվում է, որ ձեռք բերված տրամադրվող վարկային միջոցը բանկի վրա նստում է 14 տոկոս, հետևաբար, վարկը տրամադրում ենք 15 տոկոսով, որ տարեկան 1 տոկոս աշխատենք։ Կցանկանայի Ձեզ հարցնել` կարո՞ղ եք Հայաստանում մատնացույց անել որևէ ոլորտ` լինի դա արդյունաբերական, գյուղատնտեսական, թե առևտրային, որ տարեկան գործի 1-2 տոկոս մարժայով։
-Բանկերում մարժան մի քիչ ավելի՞ է։
-Այո՛, սակայն դա վերաբերում է յուրահատուկ վարկային պրոդուկտներին, որոնք մենք կարող ենք ստանալ միջազգային ծրագրերից, մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD), Եվրասիական զարգացման բանկից (EDB), Ասիական զարգացման բանկից (ADB), KFW բանկից և այլն։ Այդ բոլոր ֆինանսական կառույցների հետ համագործակցում է նաև մեր բանկը։ Եվ պետք է նշեմ, որ այդ ծրագրերով ձեռք բերված վարկային միջոցները տրամադրվում են ավելի ցածր տոկոսադրույքներով։ Երբեմն այս իրավիճակում որոշ բանկեր վարկեր են առաջարկում 10-11% տոկոսադրույքով, ինչն այս դեպքում ինձ հասկանալի է։
-Երբ ասացիք, որ զարմանում եք, որ ոչ յուրահատուկ վարկային միջոցների դեպքում 10-11 % տոկոսադրույքով է վարկ տրամադրված, ապա Ձեր մտավախությունը ո՞րն է` բա՞նկը խնդիրներ կունենա, թե՞ ավանդատուները։
-Իհարկե, բանկը։ Մենք խոսեցինք գործառնական ծախսերից, վարկային միջոցների տոկոսադրույքներից, սակայն չխոսեցինք բանկային ռիսկի մասին, իսկ ռիսկը...
-Բանկային ռիսկը ՀՀ-ում այնքան էլ մեծ չէ, իսկ գրավադրված գո՞ւյքը, որը շատ հաճախ ավելի արժեքավոր է։
-Իսկ Դուք փորձե՞լ եք գրավադրված գույքը վաճառել։ Ինչպե՞ս է ստացվում, որ այսօր ՀՀ-ի բանկային համակարգում միջին վարկային չվճարումները կազմում են վարկային ընդհանուր գումարի 4-10 տոկոսը։
-Արդյո՞ք դա ամբողջ բանկային համակարգի համար մեծ տոկոս է։
-Շատ մեծ։ Այդ պարտքի մեծ մասն առաջացել է գլոբալ ճգնաժամի ընթացքում։ Դուք տեսնում եք, որ դեֆոլտի եզրին են գտնվում տնտեսապես այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, այժմ այդ ցուցակը աստիճանաբար համալրում են նաև Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Այս պարագայում, եթե համեմատության մեջ դիտենք տնտեսական իրավիճակը, ապա Հայաստանը, կարելի է ասել, այնքան էլ ծանր վիճակի մեջ չի հայտնվել (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, աչքով չտանք)։ Ճիշտ է, սա իր բացատրությունն ունի. Հայաստանը, ինչպես նաև այլ հետխորհրդային երկրներ, այդքան էլ ներգրավված չէ միջազգային տնտեսական գործընթացներում։
-Հայաստանն այժմ ճգնաժամայի՞ն, թե՞ հետճգնաժամային իրավիճակում է։
-Ճգնաժամի և հետճգնաժամային ժամանակահատվածի միջև կա ևս մեկ ժամանակահատված` կայունության և վերականգնման։ Կարծում եմ` մենք հիմա այդ ժամանակն ենք ապրում, քանի որ ճգնաժամից դուրս գալու և կայունության ձևավորման գործընթաց է ընթանում։ Եթե կարողանանք 2011-2012-ին ապահովել վերականգնում և կայունություն, ապա դրանից հետո միայն կունենանք տնտեսական զգալի աճ։ Այդ ժամանակ ես` որպես Հայաստանի քաղաքացի, շատ գոհ կլինեմ իրավիճակից։ Ինչ վերաբերում է այսօր տարվող քաղաքականությանը, ապա կառավարությունը փորձում է հստակ քայլեր իրականացնել տնտեսության զարգացման ուղղությամբ, և գործնականում դա կարծես հաջողվում է։
-Ձեզ` որպես Հայաստանի քաղաքացու և որպես ֆինանսական դաշտի ակտիվ գործարարի, կխնդրեի գնահատել տարվող դրամավարկային քաղաքականությունը և գնաճը։ Ի՞նչ մակարդակի վրա են դրանք։
-ԿԲ-ի համագործակցությունն առևտրային բանկերի հետ մեծ է։ Թեև ԿԲ-ն դիտարկվում է որպես պետական կառույց, սակայն ես ոչ մի կերպ այդ ձևակերպմանը համաձայն չեմ, քանի որ ԿԲ-ն նաև բանկ է` մեր գլխավոր բանկը։ Խորապես համոզված եմ, որ դրամավարկային քաղաքականության հարցում տարվող քաղաքականության մեջ ԿԲ-ն այս պահին այլընտրանք չունի։ Եվ, ինչպես ՀՀ ԿԲ-ն հայտարարել էր, ուղղակի միջամտություն կունենա, եթե շուկայում խոշոր ցնցումներ տեղի ունենան։ Սակայն պետք է նշել, որ հայաստանյան ֆինանսական շուկայում ցնցումները շատ հեշտ են առաջանում և նույնքան էլ հեշտ հարթվում են, պարզապես դրանց շուրջ իրարանցումն է մեծ լինում։ Մինչդեռ դրա կարիքը չկա, ուղղակի պետք է հասկանալ, որ մեր տնտեսությունը շատ փոքր է, եթե մեկը մի ոլորտում 10 մլն դոլար արժողությամբ գործարք է կատարում, միանգամից ֆինանսական շուկայում փոփոխություն է տեղի ունենում և աղմուկ է բարձրանում, թե դոլարը «ընկավ» կամ «բարձրացավ»։ Սրա հետ մեկտեղ խորապես համոզված եմ, որ ցանկացած երկրի, այդ թվում` մեր պետության ԿԲ-ն կտրուկ ցնցումների դեպքում պետք է միջամտի, ինչը և արվում է։
-Իսկ գնաճը Ձեզ` որպես քաղաքացու, «նեղություն» չի՞ տալիս։
-Խիստ անձնական հարց եք տալիս, և պատասխանի համար նախապես հայցում եմ ընթերցողի ներողամտությունը։ Բարձր վարձատրվող անձ եմ, և բնական է, որ գնաճն անձամբ ինձ վրա այդքան չի ազդում առօրյա գնումների դեպքում, խոշոր գնումների ժամանակ ազդեցությունը զգացվում է։ Շատ կցանկանայի, որ գնաճը կտրուկ ազդեցություն չունենար հասարակության առավել փոքր եկամուտ ունեցող խավի վրա։ Անկեղծ ասած, լավ չեմ զգում, երբ տեսնում եմ բարեկամներիս, հարևաններիս ֆինանսական դժվարությունները։ Ինձ առավել երջանիկ կզգամ, երբ ապրեմ այն հասարակությունում, որտեղ բոլորը կամ գրեթե բոլորն ապահովված են։ Կարծում եմ` իսկական երջանկությունն այն է, երբ տեսնում ես դիմացինիդ երջանկությունը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ